Թորոսյանը` իր հրաժարականի լուրերի մասին
PoliticalՆման հրապարակումներ արդեն երկու տարի է լինում են։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով իր հրաժարականի լուրերին, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Քաղաքական շահարկումներ են։ Միգուցե որոշ ուժերի դրդմամբ են արվում այդ հրապարակումները»,-ասաց նախարարը։
Հարցին, թե Փաշինյանի հետ կոշտ խոսակցություն եղե՞լ է, Թորոսյանը պատասխանեց․ «Զարմանում եմ, որ նույն հարցերը բազմաթիվ անգամ տրվում են։ Վերջին շրջանում վարչապետի հետ փակ քննարկում չեմ հիշում՝ երբ ենք ունեցել»։
Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չէ միայն, այլ Հայաստանի Հանրապետության։
Անդրադառնալով այս շրջանում իր արձակուրդ մեկնելու առնչությամբ հնչած քննադատություններին, Թորոսյանը նշեց․ «Ինձ թվում է, դա ոչ թե իմ սահմանադրական իրավունքն է, այլ իմ երեխաների և ընտանիքի, և որևէ մեկն իրավունք չունի իմ արձակուրդ մեկնելու հարցը շահարկել։ Ես մնալու եմ Հայաստանում, միշտ հասանելի եմ լինելու, կլինեն, որոշ օրեր, երբ աշխատանքի կգնամ»։
Դիտարկմանը, թե պարետատունը Առողջապահության նախարարությունից հաշվետվություն պահանջե՞լ է, Թորոսյանը քմծիծաղեց և ասաց․ «Նույն ոճի հարցեր են։ Մեզնից ոչ ոք հաշվետվություն չի պահանջել, և մենք չենք սպասում, որ պահանջեն, մենք հրապարակում ենք մեր բոլոր ծախսերը»։