23-ամյա երիտասարդի երեխան առողջական խնդիրներով է ծնվել ՌԴ-ում. նրան չեն թույլատրում միանալ ընտանիքին. News.am
ОбществоՌԴ-ից մարտի 7-ին Հայաստան եկած 23-ամյա Վլադիմիր Օհանյանը այլեւս չի կարողանում վերադառնալ ընտանիքի մոտ: NEWS.am-ի հետ զրույցում երիտասարդը պատմել է, որ եկել էր պապիկի շիրմաքարը տեղադրելու եւ մնացել կարանտինի պատճառով: Օգոստոսի 23-ին էլ երկրորդ երեխան է ծնվել` առողջական խնդիրներով եւ չգիտի ինչպես հասնի ընտանիքին:
«Ես ծնվել եմ ՌԴ-ում, սակայն քաղաքացիություն չեմ ստացել, ՀՀ քաղաքացի եմ, չէինք մտածում, որ մի օր խնդրի առաջ կկանգնենք: Երեխաս ծնվել է` 7ամսական ու հիմա հիվանդանոցում է, առողջական խնդիրներ կան, պահանջում են` հայրը ներկա լինի, որ անալիզներ պետք է հանձնեմ ու հայրություն ճանաչեմ, բայց էսպես մնացել եմ երկու քարի արանքում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասնել ընտանիքիս: Չեմ էլ կարողանում մի կտոր հաց ուտեմ ստեղ, երեխեքս էնտեղ են»,- պատմեց Վլադիմիրը` նշելով, որ կնոջից ու երկու երեխաներից բացի հայրն ու մայրն էլ են ՌԴ-ում:
Երիտասարդը իր հարցով դիմել է ՌԴ դեսպանատուն եւ նախարարություն, սակայն ասել են, որ իր հարցին լուծում չկա:
Վլադիմիրն այս պահին ապրում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում: