Եթե վարդենիսցիների պահանջը չբավարարվի՝ վերջիններս բողոքի ակցիաներ կիրականացնեն
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Վարդենիս քաղաքի բնակիչները առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստից հետո շրջափակել էին դատարանի շենքը, այնուհետև փակել Արցախ-Հայաստան միջպետական ճանապարհը:
Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին համայնքում իրավիճակը հանդարտ է. «Քաղաքացիները դատախազի և համապատասխան ուժային կառույցների հետ բանակցություններ պետք է անցկացնեն, հնարավոր է՝ հարցին լուծում տրվի դատարանում: Անձնական հարց է, բայց պետք է հասկանանք գործի ընթացքը»:
«Չեմ կարող ասել՝ արդյունքը ինչ կլինի, բայց փորձում ենք այնպես անել, որ քաղաքացին միջնորդությամբ ազատ արձակվի՝ մինչև դատավճռի կայանալը»,- ընդգծեց Մելքոնյանը:
Քաղաքացիների պահանջը մեկն է՝ արդար դատաքննության իրականացում: Համայնքապետը դժվարացավ նշել, թե ինչ եզրահանգման կգան, սակայն կարծում է՝ պահանջը չբավարարելու դեպքում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնելու, սակայն իրենք հնարավոր ամեն բան անելու են, որպեսզի խուսափեն դրանից:
Արփինե Հակոբյան