Կարելի է ասել, որ այսօր դիրքային պատերազմ է ընթանում. Սեյրան Օհանյան
SocietyԿարելի է ասել, որ այսօր դիրքային պատերազմ է ընթանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերը, Թուրքիայի համապատասխան սպառազինության և անձնակազմի մասնակցությամբ, հերթական անգամ օգտագործելով խաղաղ պայմանները, սադրիչ գործողություններ են նախատեսել և սեպտեմբերի 27-ին, օգտագործելով իրենց զինանոցի ողջ կազմը, կատարելով համապատասխան խոցման և ազդեցության միջոցառումներ անցել են հարձակման իրենց մոտոհրաձգային, հրաձգային ու տանկային ստորաբաժանումներով՝ դա անելով մի քանի ուղղություններով»,- ասաց նա:
Օհանյանը նշեց, որ թշնամու հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել մոտ 10-15 կմ Արցախի ՊԲ-ի խորություն, հետո պարտադրանքի լեզվով խոսել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ հետ. «Ըստ էության, նրանք հերթական անգամ խախտել են մեր պայմանավորվածություները ուժի չկիրառման հարցում: Այնուհետև հանդիպելով ՊԲ հմուտ գործողություններով պայմանավորված դիմադրությանը, ստանալով հսկայական ծավալի խոցումներ՝ չեն կարողացել իրենց նպատակներին հասնել: Այդ ամենը տեղի ունեցել ՊԲ-ի և՛ հրամանատարական կազմի, և՛ զինծառայողների քաջարի, հերոսական գործողությունների շնորհիվ»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ցանկություն հայտնեց, որ կամավորները, ովքեր այսօր լրացրել են ՊԲ շարքերը, այսուհետև զինկոմիսարիատների միջոցով իրենց զինվորական նախանշվածության համաձայն ներկայանան իրենց ստորաբաժանումներ, որովհետև իրենք պետք է ըստ իրենց նշանակության իրենց մասնագիտական խնդիրները կատարեն։