«Այս գումարները մեր թիկունքի ամրապնդման և հաղթանակի համար են». «Հայաստան» հիմնադրամի ղեկավարը 3 լավ լուր հայտնեց
Սա արդեն համազգային դրամահավաք չէ, սա վերածվել է համազգային, համահայկական, գլոբալ մեծ շարժման, որովհետև մարդիկ՝ աշխարհի գրեթե բոլոր համայնքներում, օգնություն, գումարներ են ուղարկում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Մեր գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների հեռախոսները չեն դադարում զանգերից ու այցերից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կառույցներին, Հայոց եկեղեցուն, բարեգործական միությանը, քաղաքական կուսակցություններին, որոնք գործում են Սփյուռքում, մյուս բարեգործական կազմակերպություններին, անհատներին, բարերարներին, բոլորին, որոնք իրենց թեկուզ վերջին գումարը նվիրաբերում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում: Առամց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան, ուստի խնդրում եմ բոլորին՝ հնարավորինս ակտիվ լինենք: Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք»,-ասաց նա:
Արշամյանը այս պահի համար երեք լավ լուր հայտնեց. «Նախ, «Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը արեց մեծ քայլ եւ 3 միլիոն դոլար փոխանցցեց «Հայաստան» հիմնադրամին: Նույնը արեց նաև «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահ Քրիստի Սիմոնը և 3 մլն դոլար փոխանցեց հիմնադրամին: Ալ Եսայանը և իր ընկերները Լոս Անջելեսում հավաքագրեցին 1 մլն դոլար: Սա ընդամենը մի քանի ժամվա մասին է խոսքը:
Եվ երեկ խոսակցություն եմ ունեցել ՀԲԸՄ-ի խորհրդի հետ և որոշեցինք, եթե իրենց հաշվեհամարներին հավաքագրվի 5 մլն դոլար, ապա իրենք դա կկրկնապատկեն, և որպես բարի կամք 1 մլն դոլարը անմիջապես կփոխանցեն «Հայաստան» հիմնադրամին»:
Հիմնադրամի ղեկավարը ընդգծեց, որ այս գումարները մեր թիկունքի ամրապնդման և մեր հաղթանակի համար են: