Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչեւ երեքշաբթի ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար
ОбществоԱզատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչև երեքշաբթի` ժամը 12։00-ն, ժամանակ են տվել՝ հրաժարական ներկայացնելու համար։
«Մենք մինչեւ երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա եւ հեռանա: Նիկո՛լ, քո վերջին ժամերն են, որ բնակվում ես Կառավարական ամառանոցում: Մենք որեւէ պայմանավորվածություն, որեւէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:
Մենք երկու հարց կարող ենք քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը եւ ժամը, եւ երկրորդ՝ խոստանալ, որ ֆիզիկական հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու: Եթե մինչեւ երեքշաբթի՝ ժամը 12-ը, Նիկոլը չհեռանա՝ այստեղից բոլորիդ անունից հայտարարում եմ, որ ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ: Որեւէ պայման, որեւէ առաջարկ չենք ընդունելու, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ»,- հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ մասնակիցները երթով շարժվել էին դեպի Կառավարական առանձնատուն, որը հսկում էր մեծաթիվ ուժերից բաղկացած ոստիկանական պատը։