Կան մարդիկ, ովքեր չեն հասկանում՝ իշխանության տերը ժողովուրդն է․ Մակունց
VideoՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ արած հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն կարող հաշտվել այն իրականության հետ, որ իշխանություն ձևավորվողը ՀՀ քաղաքացին է: Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից:
«Այսօր ՀՀ հանրային խոսույթում հնչել է հետևյալ միտքը՝ եթե լինի արտահերթ ընտրություններ, արյունահեղություն է լինելու ամեն քվեատուփի մոտ: Այս խոսքերի և մտքի հեղինակը Վազգեն Մանուկյանն է: Ինչ է այս միտքը նշանակում: Ոմանք կարող են մտածել, թե սա ակնարկ է, ոմանք կարող են մտածել, թե սա սպառնալիք է: Իսկ իրականում սա ևս մեկ անգամ ապացույց է այն մասին, որ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր չեն ընդունում և չեն կարող հաշտվել այն հանգամանքի հետ, այն իրականության հետ, որ Հայաստանի Հանրապետության իշխանության տերը ՀՀ քաղաքացին է, և իշխանություն ձևավորողը դարձյալ ՀՀ քաղաքացին է»,-ասաց Մակունցը:
Նրա կարծիքով՝ հիմա կան մարդիկ, որոնք բոլոր հնարավոր միջոցներով համոզում են, նույնիսկ սպառնում են, որ այդ միտքը, սահմանադրական ճշմարտությունը, որ իշխանությունը ձևավորվում է ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտման միջոցով, լավ միտք չէ: «Եվ միաժամանակ գերագնահատելով սեփական հնարավորությունները՝այս մարդիկ թերագնահատում են պետական համակարգի և իրավապահ համակարգի պարտականություններն ու կարողությունները, որով նրանք պարտավոր են երաշխավորել ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտումը, իր քվեով իշխանության ձևավորումն այսօր և վաղը»,-ասաց խմբակցության ղեկավարը: