Անհետ կորած զինծառայողների հարազատները դատարանում վիճարկելու են Կառավարության անգործությունը. Արսեն Ղուկասյան
VideoՊատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները ՀՀ վարչական դատարանում վիճարկելու են Կառավարության անգործությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց երկու ամիս շարունակ Արցախում եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։
«Մեր՝ ավելի քան 3 ամսվա պայքարը՝ հանուն անհետ կորածների, գերիների, դիակների գտնելու համար հատվածական հաջողություններ է ունեցել միայն մեր համառության հաշվին։ Սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, որոնք արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում։ Այսօր մենք հասկացել ենք, որ չենք կարող իրենց աթոռին կպած զինվորականներին կամ չինովնիկներին ծեծելով, աշխարհի հայհոյանքները տալով, աշխատեցնել։ Մեզ խաբում են ու քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, որոշ փոխհատուցումներ ստանանք, լեզուներս կարճանա եւ այլն։ Պատրաստվում ենք քրեական պատասխանատվության ենթարկել թե՛ զինվորականներին, թե՛ քննիչներին, թե՛ իշխանությանը, որը կոծկում է այս ամենը»,- նշեց նա։
Ղուկասյանը դիմեց նաեւ լրագրողներին՝ իրենց աջակցելու համար. «Ակնկալում ենք աջակցություն, որ դուրս գանք միջազգային հարթակներ եւ հայտնենք, որ մեր իշխանությունները միտումնավոր թաքցնում են զոհվածների, գերիների եւ անհետ կորածների թվաքանակը, որպեսզի հետագայում պատասխանատվություն չկրեն նրանց հարազատների առջեւ։ Պատերազմը վերջացել է եւ արդարացումներ չեն կարող լինել այլեւս։ Միայն միջազգային մամուլում մեր իշխանությունների կողմից Մարդու իրավունքների ոտնահարման բազում դեպքերի հիմնավոր եւ համակարգված ներկայությունը կարող է իրենց ստիպել՝ գործուն քայլեր կիրառել մեր գերիներին կամ մահացածների դիերը հետ ստանալու համար։ Եթե մենք չբարձրաձայնենք այս ամենը, աշխարհի մեծերը շարունակելու են Նիկոլին տիկնիկի պես խաղաղացնել, ամեն օր ավելի հեռվացնել մեր երեխեքին կամ նրանց աճյունները գտնելու հույսը, շարունակելով ոտնահարել մարդու իրավունքները»։
Նա իրենց աջակցելու համար դիմեց նաեւ իրավաբաններին. «Մեզ ասել են, որ ԴՆԹ չեն կարող ուղարկել այլ երկրներ, քանի որ կարող է դատի գործ լինել, ոչ մեկ չի ուզի պատասխան տալ, ուստի դա լկտի սուտ է, մարդու ԴՆԹ-ն ունիկալ եւ այն հնարավոր չէ կեղծել։ Մեր նախաձեռնությունը որոշել է յուրաքանչյուր մեր հարազատի դեպքով հարուցել մեկ քրեական գործ՝ զինվորական անփութության, դավաճանության հոդվածով, դա արդեն դուք կասեք։ Այդ գործերի շրջանակում պահանջելու ենք բաց ու թափանցիկ ձեւով քննել մեր հարազատների մահվան հանգամանքները, ինչպես նաեւ մահվանը հանգեցրած զինվորականների մեղքը, նաեւ Գերագույն գլխավոր հրամանատարի։ Նաեւ ուզում ենք՝ Կառավարության անգործությունը վիճարկել Վարչական դատարանում, ստիպել, որպեսզի ի վերջո մեզ ասեն զոհվածների, գերեվարվածների ու անհետ կորածների ճշմարիտ թվերը»,- ասաց Արսեն Ղուկասյանն ու հավելեց, որ հարազատները ուզում են իրավաբանների հետ քննարկել նաեւ ՄԻԵԴ դիմելու հարցը։