Շողոքորթելու ոչինչ չկա, 70 տարեկան եմ, եթե մեռնեմ, գնամ էն աշխարհ, էլի Նիկոլի կողքին եմ. Սարգիս Քլոյանը հաստատեց՝ դուստրը մանդատ է ստացել
ՔաղաքականԵրևանի ավագանու նիստում որոշում է կայացվել Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը հանձնել Անուշ Քլոյանին: Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Սարգիս Քլոյանը` Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը:
«Դուստրս մանդատը ստացել է մեկ ամիս առաջ, պարզապես, այսօր առաջին նիստն էր: Ինքը 93 համարն էր՝ կեսը գնացին խորհրդարան, կեսը այլ պաշտոն ստացան, հետո հերթը հասավ Անուշին»,- ասաց Սարգիս Քլոյանը:
Նա նաև նշեց, որ ինքը և իր դուստրը արդեն 1.5 տարի է ինչ անդամագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Մեր այն հարցին, թե նրա դստեր մանդատ ստանալը արդյոք հասարակության մոտ տպավորություն չի ստեղծի, թե ներկայիս իշխանությունը փորձում է «իր կողմը քաշել» Մարտի 1-ի զոհերի հարազատներին, Քլոյանը պատասխանեց. «Նման բան մտածողները ինձ լավ չեն ճանաչում, ես ու Նիկոլ Փաշինյանը 2008 թվականից նույն նավի վրա ենք: Շողոքորթելու ոչինչ չկա, մենք գաղափարակիցներ ենք: Ես արդեն 70 տարեկան եմ, եթե մեռնեմ գնամ էն աշխարհ, էլի Նիկոլի կողքին եմ»,- եզրափակեց Սարգիս Քլոյանը:
Զվարթ Պետրոսյան