Նախատեսվում է 3 տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել տեղահանված ու փախստական անձանց. Արցախի նախագահ
НКԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 2-ին, ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։
Երկրի ղեկավարը կարեւորել է կազմակերպության դերը հատկապես ձեւավորված նոր իրողություններում տեղահանված քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման եւ նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության գործում, ապա ներկայացրել այն ծրագրերի ընթացքը, որոնք իրականացվում են տեղահանված բնակչության խնդիրները լուծելու համար:
Ընթացիկ իրավիճակում առաջնահերթություն համարելով ներքին տեղահանված ու փախստական անձանց բնակարանային հիմնախնդիրների կարգավորումը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նախատեսվում է պետական ու բարեգործական միջոցներով երեք տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց:
Հանրապետության նախագահը նաեւ պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: