Առանց մեզ որևէ մեկը չի կարող համաձայնության գալ՝ գնալ արտահերթ ընտրության. Մարուքյան
PoliticalԵրկրում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար «Լուսավոր Հայաստանի» առաջարկն ուժի մեջ է, իսկ եթե այն դառնա ոչ արդիական, քաղաքական ուժը կփնտրի նոր լուծումներ:
Այս մասին ԱԺ ճեպազրույցում վստահերեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
««Լուսավոր Հայաստանը» շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար: Այս պահին, մեր կարծիքով, այդ լուծումն այն առաջարկությունն է, որ մենք արել ենք: Մենք շարունակելու ենք դրա ուղղությամբ աշխատանքներ տանել: Եվ ուզում եմ քաղաքական ուժերին կոչ անել միանալ այդ առաջարկությանը, աջակցել այդ առաջարկությանը, որպեսզի այդ ճգնաժամն օր առաջ հանգուցալուծվի, և մենք բոլորս գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,- ասաց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարն ակնկալում է, որ իրենց կմիանան նաև այլ ուժեր: «Առանց մեզ որևէ մեկը չի կարող համաձայնության գալ՝ գնալ արտահերթ ընտրության, մենք էլ չենք կարող առանց մյուսների դա անել»,- ասաց նա ու, հետևաբար, շատ տրամաբանական համարեց, որ սա մի պրոցես է, որտեղ պետք են կոնսենսուսներ, զիջումներ բոլոր կողմերից:
Անդրադառնալով հարցին, թե ակնկալո՞ւմ են, որ ԲՀԿ-ն ևս միանա իրենց առաջարկին, նա վստահեցրեց, որ լուծում են առաջարկել, գնացել են դրա հետևից, ինքը վարչապետի հետ այդ լուծման մասին մեկ ժամ խոսակցություն է ունեցել, պատրաստ է ցանկացած մեկի հետ շարունակել այդ խոսակցությունը՝ կլինի իշխող ուժի ղեկավարը, կլինեն ընդդիմադիր ուժի ղեկավարներ՝ խորհրդարանական, արտախորհրդարանական: Ինքը պատրաստ է ամեն ինչ անել, որ այս վիճակից մենք դուրս գանք: Ինքը տեսնում է, որ դրա խորացումը հղի է մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով:
Եթե ԲՀԿ-ն մերժի արտահերթ ընտրությունների գնալու առաջարկը, ԼՀԿ-ի համար հարցը օրակարգից դուրս կգա՞ հարցին ի պատասխան Մարուքյանն ասաց, որ իրենց համար հարցը երբեք օրակարգից դուրս չի գալու: Նա վստահեցրեց, որ եթե մերժվի, ԼՀԿ-ն ուրիշ տարբերակ կմտածի, անընդհատ տարբերակներ կմտածի, շեշտեց՝ պետք է գտնել ճանապարհներ այս վիճակից դուրս գալու համար:
«Իմ առաջարկն ուժի մեջ է: Դրա արդիականությունը չի վերացել: Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է և դեռ շարունակում է լինել: Չկա որևէ հրամանագիր, որ նա այլևս ԳՇ պետ չէ: Երբ առաջարկս կդառնա ոչ արդիական, ուրիշ բան պետք է մտածենք»,- եզրափակեց նա: