Մի օր Ռուսաստանը զբաղված կլինի ուրիշ պրոբլեմներով, և մեր հակառակորդները կօգտագործեն այդ առիթը․ Վազգեն Մանուկյան
ПолитическиеԻնձ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի ունի Սյունիքի շուրջը և Ալիևի այն ձգտումը, որը հասկանում է՝ Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչ հնարավոր չի լինի անել նրանից հետո։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Վերջինս նշեց, որ ներքին սրացումները գնում են հայրենիքը դավաճանողների, թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված անձանց մեջ․ «Իհարկե ես կուզեի՝ ամեն ինչ փափուկ լուծվի, բայց եթե նրանք գնում են սրացման, կստանան սրացում։ Բախման հիմնապատճառը և մյուս կողմը տարբեր բաներ են։ Նա, չհեռանալով, ավտոմատ սրում է իրավիճակը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Վերջինս նկատեց՝ Հայաստանը երբեք թույլ չի եղել իր հակառակորդի առջև և երբեք այսպիսի անպետք իշխանություն չի ունեցել, որը չի կարողանում կազմակերպել իր երկրի պաշտպանությունը․ «Միակ բանը, որ պահում է Ադրբեջանին ու Թուրքիային, դա ռուսական զորքերի՝ այստեղ կանգնած լինելն է։ Մի օր Ռուսաստանը զբաղված կլինի ուրիշ պրոբլեմներով, և մեր հակառակորդները կօգտագործեն այդ առիթը։ Պատերազմի ամենամեծ սպառնալիքը լինում է այն ժամանակ, երբ դու թույլ ես, և հակառակորդը հավակնություններ ունի հարձակվելու։ Մենք հիմա այդ վիճակում ենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ այս լարված պահին ընտրություններ անցկացնելն անհեթեթություն է․ «Իսկ եթե թույլ ենք տալիս Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ անցկացնել ընտրություններ, նշանակում է լեգիտիմացնել այն խայտառակ պարտությունը, որ կրել ենք»,-նշեց Վազգեն Մանուկյանը։
Վերջինս նկատեց՝ կան հարցեր, որտեղ մարդիկ կարող են գնալ կոմպրոմիսի, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիս չկա․ «Կա՛մ ինքը գնում է, կա՛մ չի գնում։ Միակ խոսակցությունը դա է»,-ասաց Մանուկյանը։