Ձեր ընդունած ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը, լինելու է ձեր ավարտը․ Մարուքյան
ՏեսանյութերՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով:
Այսպիսով նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակը, նաև նախատեսվում են որոշակի կարգավորումներ՝ համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման առնչությամբ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր նախագծին: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից ելույթում ասաց. «Ես պաշտոնապես հիմա հայտարարում եմ՝ եթե խաղի կանոնները փոխվում են, խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրված»:
Նա նկատեց, որ ռեյտինգային ընտրակարգը համամասնական ընտրակարգի մեջ է, և Հայաստանում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում: «Ընտրակարգը չէ չարիք եղել, ընտրակարգով փող բաժանելն է չարիք եղել: Եթե իշխանություն եք, թույլ մի տվեք, որ այդ բարքերը լինեն»,-ասաց Մարուքյանն ու պնդեց, որ օրենսգիրքը փոխելու հարցով Հայաստանի ընդդիմադիր ուժերից որևէ մեկի կոնսեսուսը խորհրդարանի դահլիճում չկա: