Խնդրում ենք, որ մեր 200 հոգուն պետական հոգածության տակ վերցնեն․ նաիրիտցիների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
Video«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են լուծել գործարանի անվտանգության, ինչպես նաև իրենց՝ 6, 7 ամիս չվճարված աշխատավարձի հարցերը։
«Անվտանգության տեսանկյունից գործարանը գտնվում է վատ պայմաններում։ Գործարանում կան մոտ 25 հազար տոննա պայթյունավտանգ նյութեր։ Բացի այդ, նոյեմբերից առ այսօր գործարանի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել։ Մենք մեկ ամիս առաջ գործարանի անունից տարբեր գերատեսչություններին նամակ ենք ուղարկել՝ ներկայացնելով մեզ հուզող հարցերը, բայց մինչև հիմա պատասխան չենք ստացել վարչապետի աշխատակազմից, միայն ԱԻՆ–ից են կիսատ–պռատ գրել, որ մեր աշխատավարձերի հարցերով իրենք չեն զբաղվում»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցը։
Նաիրիտցիները հանդիպում էին պահանջում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այն այդպես էլ չկայացավ։ Նրանցից մի քանիսին ընդունեց վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը։
Հանդիպումից հետո, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Նաիրի Սարգսյանը խոսատցել է վաղը՝ մայիսի 14-ին, շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ աշխատանքային քննարկում անցկացնել այդ հարցով, որին կհրավիրեն նաև գործարանի աշխատակիցներին։ Կառավարության մոտ հավաքված նաիրիտցիները հայտարարեցին՝ եթե խնդիրները չկարգավորվեն, ապա նրանք անժամկետ կմնան կառավարության շենքի մոտ:
Տեսանյութը՝ 24News.am-ի: