Երեւանի ավագանու վեց անդամներ Գևորգ Աճեմյանին մանդատից զրկելու գործընթաց են սկսել
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ առաջարկում են վաղաժամկետ դադարեցնել ավագանու` «Իմ քայլի» մեկ այլ անդամի՝ Գեւորգ Աճեմյանի լիազորությունները: Նրանց ներկայացրած որոշման նախագիծը կքննարկվի Երեւանի ավագանու մայիսի 25-ի նիստում:
Հիշեցնենք, որ Աճեմյանը փոխարինելու է Կարինե Փանոսյանին, որն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել այն ստանալուն պես:
Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության անդամներ՝ Արմեն Գալջյանը, Մարատ Թոխյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հունանյանը, Գրիգոր Երիցյանն ու Արման Բաբաջանյանը:
Հարցն օրակարգ բերելու համար ավագանու նշված վեց անդամները հիմք են ընդունել այն, որ Գեւորգ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից չի մասնակցել ավագանու հերթական չորս նիստերին, որոնց կայացել են 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, 2021 թվականի փետրվարի 9-ին, մարտի 16-ին եւ ապրիլի 4-ին:
Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Գեւորգ Աճեմյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից: Իսկ նույն օրենքի մեկ այլ կետի համաձայն էլ ավագանու անդամը սահմանված կարգով պարտավոր է անդամակցել նաեւ որեւէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին: Աճեմյանը, սակայն չի անդամակցել, հետեւաբար չի մասնակցել որեւիցե հանձնաժողովի նիստի:
Օրենքի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։