Փուլային տարբերակով ունենում էինք ԼՂԻՄ-ի ամբողջ սահմանները․ այսօր մեր ժողովուրդն ուրախությունից կմեռներ այս կարգավորման համար․ Տեր-Պետրոսյան
PoliticalՄեր հաղթական պատերազմներից հետո ունեինք ադրբեջանցի գերիներ, Ադրբեջանն ուներ հայ գերիներ՝ մոտ 20-25 հոգի։ Ես միակողմանի որոշեցի Ադրբեջանի գերիներին վերադարձնել, դիմեցի «Կարմիր Խաչ»-ին, տվեցին ցանկը, և ասացի՝ ես ազատում եմ, թող գնան Ադրբեջան։ Իմ կողքի մարդիկ՝ Վազգեն Սարգսյանն էր, Սերժ Սարգսյանը, ասացին՝ բա որ նրանք հետ չտա՞ն։ Ասացի՝ հանգի՛ստ մնացեք, ես Հեյդար Ալիևին գիտեմ։ Այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով գերիների հարցին, և ավելացրեց․ «Հանգիստ գնացին, նույն օդանավով մեր բոլոր գերիները վերադարձան»։
Նա նշեց՝ մենք պարտվեցինք՝ չկարողանալով հասկանալ ժամանակի ընթացքը․ ժամանակը կարևորագույն ֆակտորն է քաղաքականության մեջ, մի բան, որ կարող էինք անել որևէ պահի, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին ևս դա կարող ենք անել։ «Սա մենք չզգացինք, մեր իշխանությունները չզգացին այդ պահը։ Սա կուտակված խնդիր է, ստրատեգիական խնդիր, որը պիտի արվեր այն ժամանակ, երբ որ դու հաղթական էիր։ Երբ որ դու հաղթական էիր, դու կարող էիր ստանալ շատ ավելին անգամ զիջումներով։ Եթե համեմատենք այսօրվա վիճակը, 90-ականների ամենավատ տարբերակը, ենթադրենք՝ փուլային տարբերակը եթե լիներ, այսօր մեր ժողովուրդը երջանկությունից կմեռներ»,- ասաց Տեր-Պետրոսյանը։
Առաջին նախագահն ասաց, որ ինքն ամենասկզբից կողմ էր փուլային տարբերակին։ «Դա շատ պարզ տարբերակ էր․ մենք վերադարձնում էինք Ադրբեջանին Լաչինը և Քելբաջարը՝ պահպանելով Լաչինի միջանցքը, Լաչինի միջանցքն էլ այսօրվա միջանցքի չափ չէր լինելու․ մինիմում 22 կմ պիտի լիներ։ Դա էլ ինչո՞վ էր որոշված․ որպեսզի գրադի հարվածները չհասնեին ճանապարհին։ 22 կիլոմետրանոց միջանցքով ունենում էինք ԼՂԻՄ-ի ամբողջ սահմանները՝ Խորհրդային Միության ժամանակների։ Հիմա, եթե այսօր մեր ժողովրդին ասվի՝ համաձա՞յն եք էսպիսի կարգավորման, ուրախությունից կմեռնի»,- նշեց ՀԱԿ առաջնորդը։