Փաշինյանն ինչ հանձնարարում էր, Արա Այվազյանն ասում էր՝ ճիշտ այդպես, եթե խնդիր կար՝ նիստում պիտի ասեր. Մարուքյան
Շատ զարմացած եմ, որովհետեւ ընդդիմադիր ֆրակցիայի 2 ներկայացուցիչ է եղել Անվտանգության նիստում, եթե ինչ-որ հակապետական բան էր արվում, նա այդ փակ նիստում պետք է ասեր, մենք էլ իմանայինք: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուն եւ տարածած հայտարարությանը, թե ինքը չի կարող ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ նախաձեռնությունների, որոնք պետականության, ազգային շահի դեմ են:
«Ինչ հանձնարարություն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը տալիս էր, ինքը գլխով էր անում, ասում էր՝ ճիշտ այդպես պարոն վարչապետ։ Լավ առիթ է ունեցել՝ բարձրաձայնելու»,-ասաց Մարուքյանը։
Դիտարկմանը, թե փոխարտգործնախարարները հայտարարել են, որ տեղյակ չեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերաբերյալ փաստաթղթից, արդյո՞ք հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը շրջանցում է արտգործնախարարությանը, ինչին էլ հաջորդում են պաշտոնանկությունները, Մարուքյանն արձագանքեց՝ ամեն ինչ հնարավոր է, բայց դրա մասին պետք է հստակ խոսել, ոչ թե ընդհանրական բնույթի հայտարարություններ անել։
«Մարդը շանս ուներ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասել, կարող է լրագրողների հրավիրել, արձակուրդ անել, ասել։ Եթե ԱԽ փակ նիստին չի ասում՝ ինչ նկատի ունի, էլ ուրիշ ինչ ֆորմատով պետք է ասի»,-ասաց նա։