«Քաղաքականությունը կուրացրե՞լ է, աղջիկ ջան, դա եկեղեցի է, ոչ թե ձեր շտաբերից մեկը»․ եկեղեցին հորդորում է ջնջել լուսանկարը
БлогосфераՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկը՝ Վիկտորիա Հարությունյանը, եկեղեցում նկարել է «Քաղաքացիական պայմանագրի» թռուցիկը և հրապարակել ֆեյսբուքում՝ կից գրելով․ «Ու թքա՜ծ»։
Սոցիալական ցանցի օգտատերերին զայրացրել է հրապարակումը և վերջիններս քննադատության են ենթարկել Փաշինյանի աջակցին՝ նշելով, թե ինչպես կարող է քարոզաթերթիկ բաժանել եկեղեցում․ «Քաղաքականությունը կուրացրե՞լ է, աղջիկ ջան, դա եկեղեցի է, ոչ թե ձեր շտաբերից մեկը»,- գրել է օգտատերերից մեկը՝ մեղադրելով նրան Փաշինյանին աստվածացնելու մեջ։
Նշենք, որ Վիկտորիա Հարությունյանը իշխանափոխությունից հետո աշխատանքի է անցել Տարածքային կառավարման նախարարությունում՝ Սուրեն Պապիկյանի օրոք։
Ավելի ուշ, այս առնչությամբ հայտարարություն տարածեց նաև Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը՝ լուսանկարը տարածած անձին հորդորելով համացանցից հեռացնել եկեղեցում արված լուսանկարը․ «Հանրությանը տեղեկացնում ենք, որ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում քարոզթերթիկի բաժանման որևէ դեպք տեղի չի ունեցել։ Հորդորում ենք տեղեկությունը հրապարակելուց առաջ փորձել պարզաբանում ստանալ Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից։ Հորդորում ենք նաև լուսանկարը հրապարակած անձին հեռացնել այն իր էջից և չփորձել սադրանքների միջոցով Եկեղեցուն ներքաշել քաղաքական գործընթացներում։ Դատապարտում ենք եկեղեցու խորանի պատկերով քաղաքական որևէ կուսակցության քարոզթերթիկի ինչպես լուսանկարումը, այնպես էլ` դրա հրապարակումը»,- ասված է հայտարարության մեջ։