Քոչարյանը Մարտունիում անեկդոտ պատմեց փորձարարական ճագարների մասին. մտածում էին՝ սեքսով են զբաղվում, պարզվեց՝ բուծում են
PoliticalԳործող իշխանությունը նույնիսկ չի փորձում հաշվետու լինել իր «գործերի» համար: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Մարտունիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նա հանդիպման ժամանակ ասաց, որ սովորաբար ընտրությունների նախաշեմին իշխանությունները հաշվետվություն են ներկայացնում, իսկ այստեղ այլ իրավիճակ է. «Ի՞նչ է դա, քաղաքական անգրագիտությո՞ւն: Պարզ է, որ եթե ոչինչ չանես, ապա խոսելու ոչինչ չես ունենա, մնում է մեղադրել, մուրճ ճոճել, բղավել: Իմ կարծիքով՝ դա մարդկանց տեսակ է, որոնք պատահական են եկել իշխանության: Կան մարդիկ, որոնց մոտ ամեն ինչ ստացվում է, նույնիսկ չոր ճյուղերն են ծաղկում: Իսկ կան մարդիկ, որոնց ձեռքում ամեն ինչ թոշնում է: Իշխանության են եկել հենց երկրորդ տեսակի մարդիկ: Նրանք լկտիաբար ասում են՝ «մենք դեռ ամեն ինչ չենք կործանել, դեռ ինչ-որ բան մնացել է: Վստահեք մեզ իշխանությունը, որպեսզի արմատապես ամեն ինչ կործանենք»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ կարելի է մեկ անգամ սխալվել, երկրորդ անգամ, բայց նա չի հավատում, որ ժողովուրդն այդքան միամիտ է կամ էլ չի կարողանում վերլուծել. «Վստահ եմ՝ կարող է: Այդ իշխանությունը խախտել է անվտանգությունը, տնտեսական ճգնաժամ ստեղծել եւ քաղաքացիներին միմյանց դեմ հանել: Նախկինում նման բան չի եղել: Բեւեռացնելով հասարակությանը՝ իշխանությունը խնդիրներ է ստեղծել: Նստել են ճյուղի վրա եւ սղոցում են այն: Երեք տարի: Իսկ ճյուղը մեր պետականությունն է»,-հայտարարեց Քոչարյանը՝ ընդգծելով. «Վստահ եմ՝ կհաղթենք: Խոսում են 20%-ի մասին...Մի՞թե այդքան է...Հասարակությունն առողջանալու կարիք ունի: Չի կարելի նման բեւեռացված հասարակության մեջ ապագա կառուցել»,-նշեց նախկին նախագահը:
Ռոբերտ Քոչարյանը նաև անեկդոտ պատմեց փորձարարական ճագարների մասին. «Մենք փորձարարական ճագարներ չենք: Ճագարները մտածում էին՝ սեքսով են զբաղվում, պարզվեց՝ բուծում են»: