Ճնշման դեպքերը լինելու են ՍԴ-ում քննության առարկաներից մեկը․ Վարդևանյան
ПолитическиеԱյս ընթացքում ձեզանից շատ-շատերը, առնվազ ես, շատ լավ տեղյակ եմ, թե ինչ աստիճան ճնշումների են ենթարկվել։ Բայց այդ, ճնշումներից ոչ մեկն արդյունք չի տվել։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի իր խոսքում ասաց դաշինքի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։
«Այլ հարց է, որ արդեն այս փուլում բոլոր, յուրաքանչյուր այդ ճնշման դեպքերը լինելու են Սահմանադրական դատարանում քննության առարկաներից մեկը, որովհետև ընտրությունները միայն քվերակությունը չեն, ընտրությունները ողջ գործընթացն է, այդ շղթան է, որն ավարտվում է քվեարկության օրով»,- ասաց նա:
Վարդևանյանը հայտարարեց` քաղաքական հետապնդումների համար մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու.
«Կարելի է ասել՝ բոլոր այն դեպքերը, որ մենք ունեցել ենք, և մարդկանց ուղղակի առանց որևէ պատճառի, ինչ է որ՝ իրենց ցանկալի դիրքերից հանդես չեն գալիս, ինչ է որ՝ հանդիսանում են «Հայաստան» դաշինքի թիմի անդամ՝ բերման էին ենթարկում, ստուգողական գործողություններ էին կատարում, յուրաքանչյուր դեպքի համար պատասխանատվության ենթարկվելու են»,- ասաց նա։
Իրավապաշտպանի խոսքով` ՀՀ ժողովուրդը ՔՊ-ին հաղթանակ չի տվել:
«Մեր կողմից վերհանած ընտրախախտումները բացառում են ժողովրդի իրական կամքի, իրական ընտրության բացահայտումը։ Այլ կերպ ասած ՀՀ ժողովուրդը ՔՊ-ին հաղթանակ չի տվել, և ես սա հստակ եմ արձանագրում»,-նշեց Վարդևանյանը։
Ըստ նրա` եթե չլինեին 200 հազարը գերազանցող ընտրախախտումները, պատկերն իրական էր լինելու։
Արամ Վարդևանյանն ասաց, որ դիմումը գրեթե պատրաստ է և 2 օրում կսկսեն ՍԴ դիմելու գործընթացը։