Անահիտ Ավանեսյանը հերքում է լուրերը, թե ՀՀ-ում պատվաստվող «Աստրազենեկա»-ի հավաստագիրը ԵՄ որոշ երկրներ չեն ընդունում
ОбществоՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեկնաբանել է տարածվող լուրերը, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ օգտագործվող «Աստրազենեկա» պատվաստանյութի հավաստագիրը ԵՄ որոշ երկրների կողմից չի ընդունվում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ավանեսյանն ընդգծեց, որ այդ լուրերը կեղծ են:
«Չգիտեմ՝ ինչ ենթադրություններից ելնելով այսպիսի կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «Աստրազենեկա», որն ընդունելի է, կա ինչ-որ մեկը, որն ընդունելի չէ։ Ես խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Հայաստանում օգտագործվում է «Աստրազենեկա» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է ԵՄ երկրների համար։ Մեր երկրում այժմ օգտագործվում է ԵՄ տարածքում արտադրված «Աստրազենեկա» պատվաստանյութը»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ աշխարհի երկրների միջև այս պահին ընթանում է միմյանց հավելվածների փոխճանաչման գործընթացը։