Չեմ բացառում, որ շատ ակտիվ ինձ կրկին սկսեն հրավիրել քննչական մարմիններ. Արթուր Վանեցյան
ОбществоԵրկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց անցել է մոտ 7-8 ամիս և որևէ անգամ որևէ քննչական գործողության չեմ հրավիրվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի նախապատրաստման ենթադրյալ դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործին՝ Վանեցյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո իրեն մի քանի անգամ ձերբակալել են, դիմել են դատարան՝ կալանավորման որոշում ստանալու համար, բայց դատարանը մերժել է միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ։
«Այսինքն՝ ես որևէ առնչություն՝ հնչեցված մեղադրանքների հետ, չունեմ»,- նշեց Վանեցյանը։
Վանեցյանի խոսքով՝ քրեական գործով անցնող անձանցից անձամբ ճանաչել է միայն Աշոտ Մինասյանին, այն էլ՝ շփվել է մեկ-երկու անգամ, մյուսներին, այդ թվում՝ Վահրամ Բաղդասարյանի հետ ծանոթացել է ձերբակալվելուց հետո։
«Հիմա այս հրապարակումից հետո չեմ բացառում, որ շատ ակտիվ ինձ կրկին սկսեն հրավիրել քննչական մարմիններ»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ԱԱԾ տարածած ձայնագրությանը՝ Վանեցյանը նշեց, որ մեղադրանքի կողմն ընդունել է, որ տեսանյութը մոնտաժված է։