Կառավարությունը չի գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ աշխատանքը պետք է իրականացնի. Օհանյան
Видео«Շուրջ մեկ տարի է անցել այն ողբերգական պատերազմից, որ Ադրբեջանի Հանրապետությունը սանձազերծեց Արցախի ժողովրդի նկատմամբ և այս մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել բոլոր այն իրողություններին, որոնք անհրաժեշտ են մեր երկրի հետագա զարգացումն ապահովելու համար՝ անվտանգային միջավայրի գնահատման, ներքին և արտաքին սպառնալիքների գնահատման առումով և նաև մեր երկրի կարևոր ուղղությունների ռազմավարությունը մշակելու առումով»: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Այս կարևոր հարցերի շուրջ իշխանությունները ոչ լիարժեք գնահատված և մանիպուլյացիոն պատասխաններ են հղում հանրությանը՝ որոշ դեպքերում նաև մոլորեցնելով իրական մտահոգությունները»,- հավելեց Օհանյանը:
«Վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ նաև կառավարությունը չի գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իր հիմնական աշխատանքը պետք է իրականացնի: Առանձնահատուկ է նաև «Հայաստան» խմբակցության շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ խմբակցության մի շարք պատգամավորներ գտնվում են անազատության մեջ և ի վիճակի չեն իրենց պատգամավորական պարտականությունները կատարելու»,-ասաց Օհանյանը:
«Սա ստիպում է մեզ համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի քաղաքական մեծամասնությունը գնա այն ուղղությամբ, որ օրենքները, մարդու ազատությունը և պատգամավորական անձեռնմխելիությունը առաջնային լինեն»,- նշեց Սեյրան Օհանյանը: