Այդ մասով առանձին ԱԽ նիստ չի եղել. ԱԽ քարտուղարը՝ Սյունիքից զորքերը հետ քաշելու մասին
ОбществоԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստից հետո հաստատեց տեղեկությունն այն մասին, որ առանց ԱԽ նիստ հրավիրվելու է որոշում կայացվել դեկտեմբերի 18-ին Սյունիքից զորքերը հետ քաշելու վերաբերյալ, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պնդել էր, որ Սյունիքում զորքերը հետ քաշելու պատասխանատուն ինքն է, որոշումը կայացրել է միանձնյա և ԱԽ նիստ չի հրավիրել, սակայն եղել է քննարկում։
«Վարչապետի որոշումը քննարկումների արդյունքում է կայացվել։ Առանձին դրա մասով ԱԽ նիստ չի եղել, բայց բնականաբար, ԱԽ անդամները մասնակցել են այդ քննարկումներին»։
Նա նշեց, որ երկար քննարկումներից հետո է որոշումը կայացվել, սակայն կան ռազմական գաղտնիքներ, ինչի պատճառով չբացահայտեց այդպես էլ, թե ինչո՞ւ է որոշվել Սյունիքից հետ քաշվել 25 կմ-ով, վստահեցնելով, որ հիմնավոր է։
«Չեմ կարող մանրամասներ ներկայացնել, բայց հիմնավոր է եղել այդ որոշումը։ Բոլոր գործոնները հաշվի առնելով է այդ որոշումը կայացվել։ Այդ որոշման քննարկմանը մասնակցել է և՛ ՊՆ-ն, և՛ ԳՇ-ն: Եզրահանգումը հիմնված է եղել բազմակողմանի քննարկման արդյունքում»։
Հիշեցնենք, որ Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը հայտարարել էր՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանից դեկտեմբերին ցուցում է եղել զիջել տարածքները և ՀՀ ԶՈՒ-երը 25 կմ հետ են քաշվել։