ՊՇՌ թեստերի գինը նախարարության գործառույթների մեջ չի մտնում. Անահիտ Ավանեսյան
Общество«ՊՇՌ թեստերի գնային քաղաքականությամբ նախարարությունը չի զբաղվում»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Քովիդ ՊՇՌ թեստերի արժեքներին։
«ՀՀ-ում կիրառվող թեստերի ինքնարժեքն ավելի ցածր է, սակայն քաղաքացիները մի քանի անգամ ավելի են վճարում թեստավորման համար։ Ինչ-որ նվազումներ եղան, հետո բարձրացում եղավ։ Դրանով զբաղվում է Տնտեսական մրցակցության հաձնաժողովը, դիտարկում է և հետևություններ կանի»,-ասաց նախարարը:
Լրագրողի հարցին՝ արդյոք կոռուպցիոն ռիսկեր չկան, քանի որ թեստերի ինքնարժեքն ավելի ցածր է, նախարարը նշել է.
«Խոսքը միայն թեստերի առաջնակի նյութերի ձեռքբերման մասին չէ։ Դա սարքերի անընդհատ թարմացումն է, աշխատուժն է, կարծում եմ, ինքնարժեքը պետք է ներառի այս բոլոր բաղադրիչները և, ի վերջո, մենք նաև որակական ցուցանիշներ պետք է ունենանք։ Կան ցածրարժեք թեստեր, կան միջին, բավական որակյալ թեստեր։ Մեր խնդիրն է, որ ապահովենք նման թեստերով հետազոտությունները»։
Նախարարը նշեց, որ մոնիթորինգ իրականացնում են, սակայն գինը նախարարության գործառույթների մեջ չի մտնում։
«Մենք պետք է հասկանանք, որ ունենք որոշակի թողունակություն, որ պետք է ապահովենք, և որևէ կերպ քանակական ավելացումների հաշվին որակի նվազում չպիտի թույլ տանք։ Նախարարությունը զգոն է լինելու։ Այս պահին էլ մոնիթորինգ ենք իրականացնում այն լաբորատորիաներում, որոնք թեստավորում են անում։ Լաբորատորիան պետք է այնքան թեստավորում իրականացնի, որի թե մասնագիտական, թե սարքավորումների ներուժը կունենա»,- ասաց Ավանեսյանը: