Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է հեռանալ «Ռոմայից»
СпортԻտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ հռոմեական ակումբից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ֆուտբոլիստը դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակները և կարող է հունվարին հեռանալ «Ռոմայից», եթե լավ առաջարկ ստանա։
Նշվում է, որ Մխիթարյանին չի գոհացնում իր ֆիզիկական մարզավիճակը և այն սահմանափակ դերը, որն այժմ ունի թիմում։ «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին խնդրել է ավելի հաճախ մասնակցել թիմի պաշտպանական գործողություններին, ինչը փոխում է նրա դերը խաղադաշտում։ Նրան հանձնարարված հավելյալ առաջադրանքները թույլ չեն տալիս համարձակ գրոհներ իրականացնել։
Նշվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքից հետո Մխիթարյանի և Մոուրինյոյի հարաբերություններում դրական տեղաշարժեր չկան։ Այսպիսով՝ ակումբում ֆուտբոլիստի ապագան մնում է անորոշ։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը 34 հանդիպում է անցկացրել իտալական Ա սերիայում, խփել է 13 գոլ (մեկը՝ 11 մետրանոցից) և կատարել է 10 գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում անցկացրել է 11 խաղ՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում Մխիթարյանը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում» և Լոնդոնի «Արսենալում»։