Մեր զինծառայողները չպետք է հակված լինեն առանց պայքարի գերի հանձնվել․ Ռուբեն Ռուբինյան
Политические«Գերիների թեման շատ նուրբ է, պետք չէ գերիներին ոչ հերոսացնել, ոչ նսեմացնել»․ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Կյանքն այնպես պրիմիտիվ չէ, որ գերիները կամ հերոս են, կամ՝ դավաճան։ Մենք պետք է հաջողենք միաժամանակ այնպիսի հանրային դիսկուրս ծավալել, որպեսզի մեր զինծառայողները հակված չլինեն առանց պայքարի գերի հանձնվել և նաև ջանք գործադրենք, որ մեր վերադարձած ու վերադարձվող գերիների արժանապատվությունը չնսեմանա։ Ես բոլորին խնդրում եմ թեման չպրիմիտիվացնել»,- ասաց Ռուբինյանը:
Աժ փոխնախագահը նաև նշեց, որ ռազմագերիների թեման հանրային առումով պետք է շոշափել քիչ, քանի որ Ադրբեջանը մեր ռազմագերիներին օգտագործում է մեր դեմ.
«Շերտ համար մեկ՝ մենք միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանում ապօրինի կերպով և նաև ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության խախտմամբ պահվող գերիներն անհապաղ վերադարձվեն Հայաստան, սա քննարկման ենթակա չէ։
Երկրորդ՝ գերիների գերի ընկնելու հանգամանքները ոչ միայն հիմա, այլ ընդհանրապես միշտ պետք է պարզվեն։ Կա քրեական օրենսգիրք, կա զինվորական օրենսգիրք։ Դա անհրաժեշտ է, որպեսզի կանոնակարգված լինի ՀՀ պաշտպանությունը։ Շատ կարևոր է ճշտել հանգամանքները, թե ինչու է այս կամ այն իրադարձությունը տեղի ունեցել։
Երրորդը՝ իմ անձնական կարծիքն այն է, որ ռազմագերիների թեման հանրային առումով պետք է շոշափել քիչ, քանի որ Ադրբեջանը փորձում է մեր ռազմագերիներին օգտագործել պատանդներ մեր դեմ, շանտաժի միջոց մեր դեմ։ Ու մեր ցանկացած քննարկում օգնում է, որպեսզի Ադրբեջանը դա անի»,-եզրափակեց ԱԺ նախագահը: