Արցախցին Բերձորի մոտակայքում մոլորվել է ու հայտնվել ադրբեջացիների մոտ
NKԲերձորցի 68-ամյա տղամարդը հայտնվել է ադրբեջանական կողմում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը՝ նշելով, որ ռուս խաղաղապահների հետ միասին հաջողվել է ճշտել, որ տղամարդը հատել է սահմանը։
«Տղամարդը մտավոր խնդիրներ ունի։ Չի բացառվում, որ նա ինքն է այնտեղ գնացել և բացի դրանից, քանի որ իր բնակավայրն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ նախկինում ևս Անդրանիկը փորձել է գնալ, տեսնել իր տունը։ Այսօր նաև մառախուղ էր, չի բացառվում նաև, որ պարզապես մոլորվել է»,– ասաց Ալեքսանյանը։
Քաղաքապետն ասաց՝ Անդրանիկ Ալեքսանյանը միայնակ է ապրում Բերձորում, որտեղ հաստատվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ նրա բնակավայրն անցել է ադրբեջանական կողմի տիրապետության տակ։ Նա նշեց նաև, որ համացանցում տարածված լուսանկարում իսկապես թշնամու կողմում հայտնված տղամարդն է։
Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը Հայաստանի ևս մեկ քաղաքացու է առևանգել, այս անգամ Բերձորի շրջանում. ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա շուտով կհանձնվի ռուսական կողմին։
Ավելի ուշ, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց տեղեկությունը․ «Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- ասվում է ԱՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Սոնա Հարությունյան