«Կենդանիների անկումը դիտավորյալ է արվում, Կենդանաբանական այգու տարածքն ուզում են էլիտար թաղամաս սարքել». բողոքի ակցիա
SocietyԵրեւանի կենդանաբանական այգու դիմաց այսօր՝ հունվարի 31-ին, տեղի է ունենում բողոքի ակցիա ընդդեմ շարունակվող կենդանիների սպանդի։
Ակցիայի մասնակիցները տարբեր տարիներին այգում աշխատող մասնագետներն են։
Լրագրողների հետ զրույցում այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանն ասաց, որ իրենք դժգոհ են Կենդանաբանական այգու տնօրեն Արեւիկ Խաչատրյանի աշխատանքից։
«Բազմաթիվ կենդանիների անկում է գրանցվել այս վեց ամսվա ընթացքում, որի մասին չի բարձրաձայնվում։ Ես կարծում եմ՝ սա արվում է դիտավորյալ, որ այգու տարածքն ազատեն։ Դեռ 2011 թվականից լուրեր են շրջանառվում, որ այս տարածքն ուզում են սարքել էլիտար թաղամաս։ Շատ հավանական է, որ Ռուբեն Խաչատրյանն իր հիմնադրամով վաղը կենդանիներ բերի, վարձով տա։ Էս երկրում էնքան բան չունենք, կարող ենք Կենդանաբանական այգի էլ չունենանք, բայց պետք չի սատկացնել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգում 5 անգղ է սատկել, որոնցից 4–ը՝ սպիտակագլուխ։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ կենդանիների անկման պատճառը սովն է եղել, սակայն այգու «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի Կառավարման խորհուրդը հերքել է լուրը, նշելով, որ իրականացվում են լաբորատոր հետազոտություններ։