«Բաքվում պահվող գերեվարված անձանց տեսաուղերձները Հայաստանում փոխանցվել են նրանց ընտանիքի անդամներին»
ՀասարակությունԲաքվում պահվող գերեվարված անձանց տեսաուղերձները Հայաստանում փոխանցվել են նրանց ընտանիքի անդամներին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին` ընդգծելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի վերջին և մարտի սկզբին այցելել են Բաքվում պահվող գերեվարված անձանց։
«Այցի ընթացքում բոլորին հնարավորություն է տրվել նամակներ փոխանցել, տեղում կատարել հեռախոսազանգեր և տեսանկարահանել տեսաուղերձներ, որոնք այնուհետև Հայաստանում փոխանցվել են նրանց ընտանիքի անդամներին»,- նշեց Զառա Ամատունին։
Վերջինս ասաց, որ սովորաբար հաղորդակցման միջոցները նույնն են և կարելի է ասել, բոլոր նշված հնարավորությունները տրվում են յուրաքանչյուր գերեվարվածի, որին տեսակցում են պատվիրակները և անցկացնում առանձնազրույցներ.
«Բոլոր գերավարված անձանց տրվում են ընտանիքի հետ կապ հաստատելու վերոնշյալ հնարավոր միջոցները, իսկ թե հաղորդակցության հենց որ միջոցը կընտրի ռազմագերին, իր իրավունքն է: Նրանցից յուրաքանչյուրը այդ մասով ազատ է ընտրություն կատարելու մեջ, կարող է նաև բացարձակապես հրաժարվել ընտանիքի անդամներին որևէ հաղորդագրություն փոխանցելուց»,- նշեց մեր զրուցակիցը հավելելով՝ մինչ սա, վերջին տեսակցությունը եղել է հունվար ամսին.
«Ամսական կտրվածքով, քիչ թե շատ, հնարավորություն է լինում տեսակցել գերեվարվածներին»,- եզրափակեց նա: