Շողակաթում կատարվել է 47 հեկտար գարնանացան
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի տնտեսություններում 2022 թվականի ապրիլի 27-ի դրությամբ կատարվել է 47 հեկտար գարնանացան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, ցանվել է 37 հեկտար գարի, 2 հեկտար առվույտ, 8 հեկտար կորնգան։
«47 հեկտար ցանքերը հիմնականում կատարվել են Ջիլ եւ Շողակաթ գյուղերում, իսկ Դրախտիկ, Աղբերք, Արտանիշ եւ Ծափաթաղ գյուղերում տնտեսությունները նոր են սկսում ցանքի աշխատանքները, քանի որ որակյալ սերմացու ձեռքբերելու խնդիր ունեն։ Նախորդ տարի մեր համայնքում կատարվել է 103 հեկտար գարնանացան։ Այս տարի ակնկալում ենք, որ տնտեսություններում ավելի շատ ցանք կկատարվի՝ շեշտը դնելով հատկապես անասնակերի արտադրության վրա։ Անցած տարի ունեցել ենք 28 հեկտար կարտոֆիլի ցանք, այս տարի նախատեսում ենք այն հասցնել մինչեւ 35 հեկտարի։ Կցանենք նաեւ բանջարաբոստանային այլ մշակաբույսեր։ Գարնանացանի աշխատանքները հիմնականում թափ կառնեն մայիս ամսին»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։