Ոստիկանները փայլուն են գործում, շնորհակալ եմ նրանց․ զարմանում եմ իրենց ամուր ու պինդ նյարդերի վրա
Քաղաքական«Այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը գործում են խիստ ժողովրդավարական սկզբունքների, օրենքի տառին համաձայն, և իրենց ծառայությունն իրականացնում են ամենայն պատշաճությամբ». Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իսկապես երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա։ Նրանք իսկապես փայլուն ծառայություն են իրականացնում։ Ես շնորհակալություն եմ հայտնում նրանց»,-ասել է նա։
Լրագրողը նախարարին հիշեցրել է 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ ոստիկանը վերցնում է մի քաղաքացու և ինչպես ընդունված է ասել՝ ծեփում ասֆալտին, նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ ոստիկանության գործողությունները գնահատում է խիստ ժողովրդավարական․ «Ինձ համար անհասկանալի է Կառավարության շենքի առջև մուտք գործելու այդ մղումները և ոչ օրինաչափ գործողությունները։ Այո, մենք օրենքի գերակայության սկզբունքին պետք է հետևենք, ու ցանկացած անձ, ով իրականացնում է ոչ իրավաչափ գործունեություն պետք է պատրաստ լինի, որ իր նկատմամբ պետք է համաչափ պատասխանատվության և զսպման միջոցներ կիրառվեն»։