Երևանի կենդանաբանական այգին անդրադարձել է Գեղամ Նազարյանի հայտարարությանը
SocietyՍիրելի’ հայրենակիցներ, այսօր պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից արված գրառումը Երևանի կենդանաբանական այգու մասին չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:
Պատգամավոր Գեղամ Նազարյանն անհիմն հայտարարություն է արել, հանրությանը կոչ անելով Այգի չգալ՝ պատճառաբանելով, որ «այգու անվտանգության աշխատակիցները հարձակվում են երեխաների վրա»:
Իրականում անվտանգության աշխատակիցները նկատողություն են արել՝ անվտանգության կանոնները խախտելու համար, որին պատասխան պատգամավորի կողմից հնչել են ագրեսիվ խոսքեր: Վերջինս նաև չարաշահել է իր ԱԺ պատգամավոր լինելը՝ անվտանգության աշխատակցին հիշեցնելով այդ մասին, որին ներկա են եղել բազմաթիվ այցելուներ: Անվտանգության աշխատակիցը դրան ի պատասխան ասել է, որ օրենքը բոլորի համար է, ինչն էլ վրդովմունք է պատճառել պատգամավորին:
Գրառման մեջ Գեղամ Նազարյանը նաև նշել է, որ Այգում խմելու ջուր չկա, ինչը ևս չի համապատասխանում իրականությանը: Կենդանաբանական այգին մշտապես ապահովված է խմելու ջրով. այս պահին Այգում կա 6 գործող ցայտաղբյուր, որոնք վրջերս վերանորոգվել և հագեցել են նոր լուծումներով:
Խնդրում ենք լրատվամիջոցներին չնպաստել անհիմն և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների տարածմանը:
Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի կենդանաբանական այգում այգու անվտանգության աշխատակիցները հարձակվում են երեխաների վրա: