Բռնի տեղահանությունից առաջ քաշաթաղցիները նաև զրկված են կենսական պայմաններից․ ահազանգ
ԱրցախՔաշաթաղում՝ Բերձորում, Աղավնոյում, Սուսում և հարակից շրջաններում 3 օր է, ինչ մարդիկ զրկված են կենսական պայմաններից՝ լույս, ջուր, ինտերնետ, հեռախոսային կապ և այլն։ Այսինքն, այնտեղ մնացած քաղաքացիներն արդեն ամենաուղիղ իմաստով վտանգի մեջ են, նույնիսկ ֆիզիկապես հասցնել բոլորին տարհանել, այն էլ՝ առաջադրված ժամկետում, հնարավոր չէ։
Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարի, Բերձորի քաղաքապետի և Աղավնոյի գյուղապետի հետ կապ հաստատելու ԼՈՒՐԵՐ․ com-ի բազմաթիվ փորձերն ապարդյուն էին՝ հենց վերոնշյալ խնդրի պատճառով։
«Հոսանքազրկվում է ցերեկային ժամերին, քանի որ էլեկտրական գծերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում:Համացանցի բացակայությունը պայմանավորված է հոսանքի հետ, բայց շարժական կապը առկա է»,- մեզ հետ զրույցում ասաց Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարի օգնական Իննա Բաբայանը։
Նրա խոսքով, այս խնդիրները նոր չեն առաջացել, քանի որ նախկինում նույնպես տեղի բնակիչները պարբերաբար բախվել են նման պրոբլեմների։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն խոսակցություններին, թե ստեղծված խոչընդոտներով ու խնդիրներով պայմանավորված, Բերձորից, Աղավնոյից և Սուսից մարդկանց տարհանման վերջնաժամկետը երկարաձգվել է և օգոստոսի 25-ից տեղափոխվել սեպտեմբերի 1, Բաբայանը նշեց․
«Պաշտոնական տեղեկություն չունենք, բայց, կարծես, բանակցություններ են ընթանում, մինչև ճանապարհի ամբողջական ավարտը»։
Արա Ալոյան