Ես նոր դեր ունեմ թիմում. Կիլիան Մբապե
ՍպորտՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, որ նոր դեր ունի ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմում։
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում ՊՍԺ-ն Փարիզում Մբապեի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին»։ Մբապեն ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
«Ես նոր դեր ունեմ թիմում։ Մարզիչը ցանկանում է, որ ես միաժամանակ լինեմ հարձակման կենտրոնում, ներխուժեմ մրցակցի պաշտպանության թիկունք, նաեւ կապող օղակ լինեմ Նեյմարի եւ Մեսիի միջեւ։ Ձգտում եմ հարմարվել նոր դերիս եւ անել առավելագույնը։
Մենք երջանիկ ենք, որ կարողացանք հաղթել «Յուվենտուսին»։ Լավ խաղացինք եւ հասանք առավելության հրաշալի տնային մթնոլորտում։ Մենք շատ ենք սիրում այսպիսի հանդիպումներ Չեմպիոնների լիգայում»,- Մբապեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել 9 գոլ։