Չի կարելի թաքնվել քաղաքական հայացքների հետեւում. Վլ. Վարդանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի կալանավորման մասին
ПолитическиеԵթե եղել են առերեւույթ հիմքեր քրեական գործ հարուցելու, ապա դատարանը պետք է գործի իր իրավասությունների շրջանակներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով փաստսբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորմանը, ինչը շատերը համարում են քաղաքական հետապնդում:
«Մենք պետք է սովորենք, որ պատգամավորը չի կարող եւ չպետք է մեկնաբանի դատական իշխանության որոշումները: Բայց դատական իշխանությունը եւս պետք է իմանա, որ բացարձակապես անկախ պետք է գործի թե գործադիրից, թե օրենսդիրից: Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին, կա նախաքննության գաղտնիք, որը թույլ չի տալիս ավելի տեղեկատվություն ունենալ, քան հրապարակվել էր դատախազության կողմից կամ համապատասխան սուբյեկտների կողմից: Չի կարելի ամեն քրեաիրավական վարքագիծ դիտարկել որպես քաղաքական հետապնդում, չի կարելի թաքնվել քաղաքական հայացքների հետեւում, կատարելու համար այս կամ այն ոչ իրավաչափ վարքագիծը:
Անհրաժեշտ է, որ դատարանները, դատախազությունը, իրավապահ մարմինները հստակ ուսումնասիրեն գործի բոլոր հանգամանքները եւ արդյունքում մենք պետք է ունենանք որակյալ դատական ակտ կամ որոշում անձի վարքագծի վերաբերյալ»,-ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով հիմա դատական համակարգն անկա՞խ է գործում, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Հիմա դատական համակարգը շատ ավելի անկախ է, քան այն ժամանակները... չասեմ երբ, դուք կիմանաք»: