Հնարավո՞ր է արդյոք հայրենադարձության շնորհիվ ավելացնել ՀՀ բնակչությունը․ քննարկում Համաշխարհային հայկական գագաթնաժողովում
ОбществоՀնարավո՞ր է արդյոք հայրենադարձության շնորհիվ 10-15 տարվա ընթացքում 500 հազարից մինչև 1 միլիոնով ավելացնել Հայաստանի բնակչությունը, այս հարցով մեկնարկեց հոկտեմբերի 30-ին Երևանում անցկացվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային առաջին քննարկումը, որի թեման հայրենադարձությունն ու ժողովրդագրությունն է։
«10-15 տարվա ընթացքում ՀՀ բնակչությունը հայրենադարձության շնորհիվ չի կարող աճել 500 հազարից մինչև 1 միլիոն։ Խնդիրները շատ են՝ սկսած տնտեսականից մինչեւ սոցիալական»,- ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
ՀՀ-ում ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանն, ի տարբերություն Միգրացիոն ծառայության պետի, հարցին դրական արձագանքեց։ «Դա հնարավոր է, բայց դրան հասնելու համար հսկայական ջանքեր են պահանջվում, համակարգային փոփոխություններ, բարեփոխումներ, և հաղորդակցություն»,- նշեց Տեր-Մինասյանը։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն էլ հավելեց՝ հնարավոր է լավ ցուցանիշներ ունենալ։ Նրա խոսքով՝ հայրենադարձության մասին օրենքի նախագիծը, որն արդեն շրջանառության մեջ է դրվել կառավարությունում, ինչպես նաև ինտեգրման կենտրոնը, որի ստեղծումը հանձնակատարի գրասենյակն է նախաձեռնում, հնարավորություն են լավ ցուցանիշներ արձանագրելու համար
«Այս տարվա ցուցանիշները բացառիկ են լինելու Հայաստանի երեսուն տարվա պատմության համար»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ միջազգային իրավիճակը՝ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, ներգաղթ կազմակերպելու իմաստով իրականությունն ի շահ Հայաստանի օգտագործելու, հաջող ինտեգրման հնարավորության դեպքում հնարավոր է լավ ցուցանիշներ արձանագրել։
Համաշխարհային հայկական գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ունենալու է 8 պանելային քննարկում և 17 համաժամանկյա նիստ՝ քննարկելով Հայաստանի անվտանգությունից մինչև աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչև կրթություն, առողջապահություն և գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչև Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովն ունի 600 մասնակից 50 երկրներից: Հանդես են գալու ավելի քան 100 բանախոսներ 15 երկրներից: