Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից. «Ազատություն»
ИностранныйԲրյուսելը չի հրաժարվել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպումը կազմակերպելու գաղափարից։ Ինչպես տեղեկացրել է Եվրամիությունում (ԵՄ) «Ազատության» դիվանագիտական աղբյուրը, կապի մեջ են երկու կողմերի հետ՝ նախապատրաստելու նոր հանդիպում։ Նախագահ Շառլ Միշելի համար, «Ազատության» աղբյուրի ձևակերպմամբ, «դա կարևոր է»։ Բայց բանակցությունների կոնկրետ օր դեռ չի նշվում։
Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա հայկական կողմի դիրքորոշման պատճառով։ Շեշտել էր՝ «Փաշինյանը համաձայնել է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ «Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», - ասել էր Ադրբեջանի նախագահն ու հավելել, թե Ֆրանսիան «հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում» որդեգրելու բերումով այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:
Երևանն ի պատասխան հայտարարեց՝ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։