Ինչպես է պաշտպանվելու ոստիկանությունը քաղաքականացումից. պարզաբանում է փոխնախարարը
ПолитическиеՈստիկանության բարեփոխումների հիմքում դրված է ոչ միայն միջազգային, այլ նաև Հայաստանի փորձը: Ազգային ժողովում Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին նախագծի քննարկման շրջանակներում այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, մանրամասնելով՝ թե ինչպե՞ս է պաշտպանվելու ոստիկանությունը քաղաքականացումից:
«Ոստիկանության ոլորտի բարեփոխումների հիմքում դրված է ոչ միայն միջազգային, այլ նաև մեր փորձը: Այո, ընկալվում էր այն միտքը, որ ոստիկանությունը օրվա իշխանությանը ծառայող գործիք էր, և հետևաբար, քաղաքական երանգներ էին հաղորդվում աշխատանքին: Այս բարեփոխումները հենց տանում են նրան, որ ոչ թե օրվա իշխանությանը ծառայող գաղափարը արմատանա, այլ՝ հակառակը: Նոր ոստիկանությունը պետք է հանրությանը ծառայություն մատուցող ոստիկանի կերպար բերի մեր հասարակությանը: Կարծում եմ, որ մեր բարեփոխումներն այդ տեսանկյունից բերում են շոշափելի արդյունքների»,- ասաց փոխնախարարը:
Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախատեսվում է ներդնել պատասխանատվության հստակ դերերի բաշխում:
«Ոստիկանապետը պատասխանատու կլինի ծառայության ամենօրյա գործունեության համար և կիրականացնի ծառայության անմիջական ղեկավարումը, իսկ նախարարը չի կարող քաղաքական հրամաններ կամ հրահանգներ տալ ոստիկանությանը, բայց նա կլինի քաղաքական պատասխանատուն, որը կգա Ազգային ժողով և կպատասխանի խորհրդարանական վերահսկողությանը վերաբերվող հարցերին»,- եզրափակեց Սարգսյանը: