Ուրախ ենք ՀՀ-ում ոչ ռեզիդենտ դեսպան նշանակելու համար․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
PoliticalՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը:
«Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին մեծապես կարեւորում ենք ԵՄ շրջանակներում համագործակցությունը Ձեր երկրի հետ: Ուրախ ենք Հայաստանում ոչ ռեզիդենտ նոր դեսպան նշանակելու կապակցությամբ: Հուսամ, որ ապագայում մենք կունենաք նաեւ ռեզիդենտ դեսպաններ մայրաքաղաքներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին առնչվող բանաձեւեր ընդունելու, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման վերաբերող բանաձեւի համար: Նա հիշեցրել է, որ մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ: ԱԺ խոսնակը բարձր է գնահատել նաեւ արտգործնախարարի անձնական դերակատարումը միջազգային հարթակներում Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող զգայուն խնդիրները պարբերաբար բարձրաձայնելու հարցում:
Հանդիպմանը կարեւորվել է ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը: