Առանց արդարության և արդարության մթնոլորտի հնարավոր չէ Հայաստանում դրական տեղաշարժ հասարակական բարդ կառուցվածքի մեջ. Պողոսյան
ԲլոգոսֆերաԱռանց արդարության և արդարության մթնոլորտի հնարավոր չէ Հայաստանում դրական տեղաշարժ հասարակական բարդ կառուցվածքի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Հայրենիքը պատերազմի ժամանակ չի' կարելի հանձնել չունևորին, իսկ պատերազմից հետո` հարուստներին ու իշխանավորներին։ Քանի դեռ հավասարության և արդարության մթնոլորտը չկա, աղքատն էլ որոշելու է, որ ինքը կորցնելու ավելի շատ բան չունի, քան իր կողքի հարուստը։ Հետեւաբար եթե հարուստի զավակը չի' կռվելու, չի ծառայելու, ուրեմն առավել ևս իր զավակը չպիտի ծառայի/կռվի։ Հենց այսպես է քանդվում հասարակական բարդ կառուցվածքը և տարբեր խավերի միջև համերաշխությունը։
Պարզագույն օրինակ` ընկերս պատերազմի մասնակից է։ Միասին գնացել ենք հող գնելու։ Համայնքապետարանի բոլոր հողերը սեփականաշնորհված են։ Սեփականատերերի ճնշող մեծամասնությունը Հայաստանում չի բնակվում։ Հիմա ստացվում է, որ այստեղ էլ անարդարություն է տեղի ունենում` նրանք, ովքեր Հայաստանում չեն բնակվում, այլ երկրի քաղաքացի են, իրենց համար բնակվում են այլ երկրում և մեծ հաշվով գուցե Հայաստան չեն էլ գալու։ Իսկ մենք` գնալու ենք կռվելու, երբեմն զոհվելու ենք, ու մեր սեփական համայնքում չենք կարող հող ունենալ։ Հող, որի պաշտպանության համար կռվում ենք։
Իհարկե, կարելի խոսել արդարության և սեփականության իրավունքի բախման մասին, բայց սա այլ հարց է։
Բոլոր դեպքերում, արդարության մթնոլորտը չվերականգնվելով չենք կարող առաջընթաց գրանցել հասարակական բարդ կառուցվածքի մեջ»,- գրել է նա։