Մահվան ելքով ավտովթար․ կա վարկած, որ Skoda-ի վարորդը մինչև վթարն է հանկարծամահ եղել
Emergency CaseՄարտի 14-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմանում Škoda մակնիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Պարույր Սևակ 1 հասցեում գործող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի բազալտե սանդուղքներին և հենապատին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Վարկածներից մեկի համաձայն՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։