ԱԺ-ի դիմաց հավաքի ժամանակ հնչել են կախաղանի ու մահվան սպառնալիքներ. Կա՞ հարուցված վարույթ. Ալեքսանյանը՝ փոխնախարարին
ՔաղաքականՎերջերս ԱԺ-ի դիմաց ինչ-որ հավաք էր իրականացվում ընդդիմության կողմից հովանավորվող մի ՀԿ-ի կողմից, որի ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը բերել էր ԱԺ որպես ՄԻՊ-ի թեկնածու. Այդ հավաքի ժամանակ հնչել են բռնության ակնհայտ կոչեր, ընդհուպ մինչեւ մահվան սպառնալիքներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտնգությանհարցերի հանձնաժողովում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Խոսքը կախաղանների մասին է, ընդ որում գլխիվայր: Ես ուզում եմ հետաքրքրվել, արդյոք ՆԳՆ-ում կա արդեն հարուցված վարույթ այդ ամենի կապակցությամբ եւ ինչ գործողություններ են ձեռնարկվում, որովհետեւ ԱԺ-ի դիմաց ինչ-որ մի ՀԿ-ի տարօրինակ ծագմամբ անդամներ իրենց իրավունք են վերապահում կախաղանի, մահվան եւ այլ սպառնալիքներ հնչեցնել»,-ասաց նա՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին:
Վերջինս ի պատասխան ասաց. «Անկախ միջադեպից, բռնության ցանկացծ կոչ, աղաղակումներ միանշանակ անթույլատրելի են: Ոստիկանության խնդիրը այդտեղ հասարակական կարգն ապահովելն է: Այդ դեպքի հետ կապված մեր ծառայողները եղել են տեղում եւ պատշաճ իրականացրել են իրենց գործառույթները, բայց վարույթի հարուցման լիազորությունը մենք այլեւս չունենք: Կարծում եմ՝ գլխվոր դատախազության գործընկերները հետեւել են պրոցեսին եւ համապատասխան հատկանիշների արձանագրման պարագայում գուցե հարուցված է քրեական վարույթ: Տեղեկություն չունեմ»:
Վահագն Ալեքսանյանը նաեւ հիշեցրեց, որ ժամանակ առաջ երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 44-օրյա պատերազմում զոհված եղբոր շիրիմին այցի էր գնում, «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների կզմակերպած ինչ-որ մի խումբ մարդիկ հարձակվել ու հայհոյանքներ էին տեղացել նրա հասցեին: