Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերականգնումից հետո ներկա է գտնվել Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթի վերաբացման արարողությանը, հանդես եկել հայտարարություններով։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am–ը։

Էրդողանին ուղեկցել են Թուրքիայի Միլլի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Թուրքիայի նախագահը իր ելույթում կրկին հիշատակել է ընդդիմությանը՝ մզկիթի վերաբացումը դարձնելով ընտրարշավի քարոզի վայր։

«Ընդդիմությունն ինչ է ասում, թե իշխանության գալով կրոնական գործերի նախարարությունը վերացնելու են։ Մինչև մայիսի 14-ն օր ու գիշեր աշխատելու ենք ու նրանց քաղաքական դիակ ենք դարձնելու։ Մայիսի 14-ը սրանց վերջը պետք է լինի»,- ասել է նա։