ԱԱ․ Նարեկ Մանասյանը նույնպես ապահովեց մեդալ
СпортՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Նարեկ Մանասյանն ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը:
92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մենամարտեց իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ եւ 4:0 հաշվով առավելության հասավ:
Առաջին ռաունդում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչի հարվածների մեծ մասը չէին հասնում նպատակին: Ռաունդի վերջին վայրկյաններին Մանասյանն ակտիվացավ: Այս ռաունդում մրցավարները հաղթանակը տվեցին Նարեկ Մանասյանին:
Երկրորդ ռաունդում Մանասյանը մենամարտը վերցրեց իր ձեռքը եւ գրոհներով սկսեց ճնշում գորրծադրել մրցակցի նկատմամբ: Այս ռաունդում միավորները հավասար էին:
Երրորդ ռաունդում մրցակիցը գրկախառնությունով անընդհատ կանխում էր Մանասյանի գրոհները: Ռինգի մրցավարը նկատողություն տվեց: Մենամարտն ավարտվեց Մանասյանի առավելությամբ:
Նարեկ Մանասյանը 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր իրանցի Պուրիա Ամիրին:
Աշխարհի առաջնությունում առբվազն բրոնզե մեդալ է ապահովել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: 63,5 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Բաչկովը 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի նկատմամբ:
Նախորդ մենամարտում Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթել էր Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանին։
Երեկոյան մրցահերթում քառորդ եզրափակիչի մենամարտ կանցկացնի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը: Մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ (երեկոյան մրցահերթ Երեւանի ժամանակով 17:00-ից)։
Ռաֆայել Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում պարտության էր մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կոչին։
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է չինացի Դանաբիեկե Բայկեվուզիին։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) 1/16 եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է կուբացի Ալեխանդրո Կլարոյին։ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) 1/16 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։
Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին։ 1/8 եզրափակիում 1:4 հաշվով պարտվել է հորդանանցի Յուսեֆ Յաշաշին:
54 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում մենամարտում 0:5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Սեգունդո Ֆինոլ Ռիվասին:
60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։
Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին։
67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/8 եզրափակիչում պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշեելտ Բատումուրին։
Մեկնարկային մենամարտում Գուրգեն Մադոյանը 5:0 հաշվով հաղթել էր Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունին։