Ուր են անհետացել Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերը. Հրապարակ
СпортHraparak.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի հերթական տուրի շրջանակում տանը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելու է Խորվաթիայի ընտրանուն։ Երեկ հայտնի դարձավ, որ խաղի բոլոր տոմսերը առցանց վաճառքի արդյունքում նորից կարճ ժամանակում սպառվել են։ Տոմսերի վաճառքի մեկնարկը տրվել էր հուլիսի 3-ին, սակայն գնման կայքը այս օրերի ընթացքում ավելի հաճախ չէր աշխատում, քան աշխատում էր։
Որ կայքի հետ կապված խնդիրներ կան, դրա մասին տեղյակ պահում էր անգամ ՀՖՖ-ն՝ պատճառաբանելով, թե խնդիրները առաջանում են ծանրաբեռնվածության արդյունքում։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ տոմսերի վաճառքի հետ կապված նման խնդիր է առաջանում։ Երկրպագուները նորից զայրացել են ու տարատեսակ մեկնաբանություններ են գրում հենց ՀՖՖ ֆեյսբուքյան էջի տոմսերի վաճառքի սպառման հրապարակման վերաբերյալ մեկնաբանություններում։ Երկրպագուների մոտ ողջամիտ կասկած է առաջացել նաև, որ տոմսերը իրականում ոչ թե շատ արագ սպառվում են, այլ անհետանում, տրվում կամ վաճառվում ցանկալի մարդկանց, գուցե նաև այլն գներով։
«Չաշխատող կայքով ինչպես եք կարողացել տոմսերը վաճառել։ Շնորհավորում եմ, ՀՖՖ-ն աշխարհում առաջինն է, որը չաշխատող կայքով տոմս է վաճառել»,- գրել է երկրպագուներից մեկը։
«Եթե Մելիքբեկյանին չստիպեցիք հրաժարական տալ, ուրեմն սրանք մինչև վերև սնվում են»,- գրել է մեկ այլ երկրպագու։
«Ամբողջ աշխարհում ֆուտբոլասերը 90 հազարանոց ստադիոնում տոմս է գնում, որևէ խնդիր չի առաջանում, մենք մեր 15 հազարանոց ստադիոնի դարդը չենք կարում լացենք»,- նշել է մյուսը։
«Եթե ամեն անգամ նույն պատմությունն է, ապա ինչու չեք վերանայում կայքի աշխատանքը»,- հավելել է մյուսը։