«Ավտորիտար պետությունները հասկանում են մեկ լեզու». Միխայել Ռոթն՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանը միջազգային հանրության կողմից այլևս չի դիտարկվում որպես վստահելի գործընկեր: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունում հրավիրված ասուլիսում՝ պատասխանելով` «Կարելի՞ է արդյոք Եվրամիությանը տալ խոստում և խախտել այն առանց որևէ հետևանքի բախվելու» հարցին:
«Հետևանքներ եղել են: Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը կորցրել է միջազգային հանրության վստահությունը: Որպես վստահելի գործընկեր այլևս չի դիտարկվում միջազգային հանրության կողմից»,-ասաց Ռոթը:
Բունդեսթագի պատգամավորը շեշտեց՝ ամեն ինչ պետք է անեն, որ գործընթացը տեղի ունենա բանակցային սեղանի շուրջ, և ձեռք բերվի կենսակայուն խաղաղություն, որը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Պատասխանելով Բաքվի նկատմամբ պատժամիջոցների մասին հարցին՝ Ռոթը պարզաբանել է, որ մինչ այժմ դրա վերաբերյալ նույնիսկ նախագիծ չկա, սակայն կարելի է խոսել էներգետիկ ոլորտում համագործակցության ծավալների կրճատման մասին։ «Ավտորիտար պետությունները հասկանում են մեկ լեզու, ուստի նրանք պետք է իմանան, թե ինչ հետևանքներ կունենան ռազմական գործողությունները, եթե նման բանի դիմեն»,- ասաց պատգամավորը։
Հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ պատգամավորն ասաց, որ դրանք կարող են ընդունվել ԵՄ մակարդակով, սակայն, ցավոք, այս հարցում կոնսենսուս չկա։ Ողջունելով Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի ջանքերը և Հայաստանի վարչապետի մասնակցությունը Գրանադայում հանդիպմանը՝ Ռոթը դատապարտել է Ալիևի հրաժարումը հանդիպումից և հայտարարել, որ անհրաժեշտ է համոզել Ալիևին վերադառնալ բանակցությունների սեղանին, ինչը բխում է իր իսկ շահերից։