Ադրբեջանը նույնիսկ հայերի դատարկ տների անվտանգությունը չի ապահովում. Մարուքյան
ԲլոգոսֆերաՀայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորը տակնուվրա է անում հայ ընտանիքի լքված տունը։
Եվս մեկ անգամ հիշեցնելով, որ 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց ԼՂ-ի դեմ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքից, Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սոցցանցի X հարթակում տեղադրել է վերոնշյալ տեսանյութը:
«Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ, մինչդեռ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ադրբեջանը պատասխանում էր, թե իրենք անպայման կապահովեն այդ ամենը»,- գրել է Մարուքյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում՝ նրանց ունեցվածքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների անվտանգությունը։ Ըստ նրա՝ այդ վայրենությունն, այդուհանդերձ, ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից։