Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. Նորաին Հակոբյան
AnalyticalԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական և ռազմական պաշտոններ, Արցախի և Հայաստանի անունը հոլովելով բիզնես են դիզել, իսկ այսօր, երբ Արցախը գրեթե կորսված է, իսկ Հայաստանը գտնվում է լրջագույն վտանգների առջև, նրանք նախընտրում են լռել, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Այսօր կանդրադառնանք Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանին, ով շուրջ 20 տարի զբաղեցրել է Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնը։ 2012-ին համայնքի ղեկավարի ընտրությունում նա եղել է ՀՀԿ անդամ, 2017-ին՝ անկուսակցական։ Հրապարակ կայքը գրել էր, որ 2014 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով նրան մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերի գույք յուրացնելու համար: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Նորաին Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված եւ համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերի գույքը: Մեղադրյալը յուրացրել է նաեւ համայնքի հաշվեկշռում հաշվառված խողովակները` համայնքին պատճառելով 4 միլիոն 661 հազար 480 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Քրեական գործը հարուցվել է 30.04.2014թ.՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործ հարուցելուց միայն 7 ամիս անց որոշում է կայացվել՝ Նորաին Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Սակայն 10 մլն դրամ գրավ մուծելուց հետո նա ազատվել է կալանքից: Ի վերջո, 2016-ի հունիսի 13-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է սույն քրեական գործի վարույթը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով
Ուշագրավ մի հանգամանք էլ նշենք․ Հակոբյանը ՔՊ–ի հետ ճանապարհ ընկնելուց հետո աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով և հենց դա է եղել պատճառը, որ ՔՊ-ում ոչ բոլորն էին միանշանակ կողմ նրա թեկնածության առաջադրմանը: 2021-ին նա եւս ողջունում էր ԶՈւ ԳՇ հայտարարությունը եւ իր աջակցությունն էր հայտնում ԳՇ պետին եւ ողջ բանակի սպայակազմին՝ միեւնույն ժամանակ կոչ անելով միանալ եւ աջակցել ԳՇ պետին:
Եվ դա հասկանալի է, ի վերջո Հակոբյանը եղել է ՀՀԿ-ական, մի անգամ էլ առաջադրվել է ՀՅԴ ցանկով: Այդ իսկ պատճառով էլ ավելի զարմանալի է, որ այսօր վերջինս լռում է, չէ որ թե՛ ՀՀԿ, թե՛ առավել ևս ՀՅԴ մոտեցումներն Արցախի հարցում էականորեն, եթե չասենք՝ շեշտակի տարբերվում են ՔՊ–ի մոտեցումներից և այն պատկերից, որն ունենք այսօր: Եվ եթե Հակոբյանը ճանապարհ էր ընկնում այդ ուժերի հետ, հետևաբար կարելի է ենթադրել, որ կիսում էր նաև վերջիններիս մոտեցումներն ու գաղափարախոսությունը: Այդ պատճառով ինչո՞ւ է 20 տարվա համայնքապետն այսօր լռում, երբ վերջնականապես կորսված է Արցախը և զոհասեղանին է այժմ էլ արդեն Հայաստանը:
Շարունակելի...