Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում. ԱԺ նախագահը՝ պատվավոր կոչումների չեղարկման մասին
PoliticalՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կողմ է պատվավոր կոչումների չեղարկման նախագծին. նրա խոսքով՝ եղել են մականունավոր մարդիկ, որոնք երաժշտության ոլորտում վաստակավոր գործչի կոչում են ստացել:
Սիմոնյանն այս մասին ասաց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկմանը:
«Դա ԽՍՀՄ-ի ստեղծածն է: Քանի որ մրցակցություն չի եղել, և արտիստները չեն կարողացել գումար աշխատել, պետությունը որոշել է, որ այս մարդը լավն է, այս մեկը Կոմկուսին ձեռնտու է: Ուրիշ ոչ մի երկրում նման բան չկա, Մայքլ Ջեքսոնը և Լուչանո Պավարոտտին ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն, իրենք եղել են, կան ու մնալու են որպես մարդկության համար արժեք: Իսկ որոշ մարդիկ Հայաստանում ծառայություն են մատուցել, գնացել մեկի երեխայի հարսանիքին երգել են, «շեֆը» ասել է կազմակերպեն, որ նրան ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում տան»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հավելեց՝ մականունավոր մարդիկ կան, որոնք երաժշտության ոլորտում վաստակավոր գործչի կոչում են ստացել: Կամ սեփական անուն-ազգանունը գրել չիմացող մարդիկ գիտությունների թեկնածուի կոչում են ստացել:
«Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում: Այդ էլիտաները չկան, կա մի էլիտա, որը ժողովուրդն է»,-ասաց Սիմոնյանը:
Դիմելով ընդդիմադիրներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Այդ էլիտաներին հավաքեցիք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց ժողովրդի մոտ 0 վարկանիշ ունեն»:
Ըստ Սիմոնյանի՝ ոչ մի զարգացած երկրում կոչումների շնորհման նման համակարգ չկա, դա խորհրդային ժառանգություն է: Նա ընդդիմությանը հորդորեց նայել ցուցակը, թե մեծանուն մարդկանցից բացի նաև ում են վաստակավոր կամ ժողովրդական գործչի կոչում տվել:
Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումները: Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները: Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Ըստ նախագծի հիմնավորման՝ կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող: Առաջադեմ երկրների փորձն էլ ցույց է տալիս, որ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ: Նախագիծը ներկայացրած արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը վստահեցրել է՝ դա չի նշանակում, որ պետությունը դադարելու է որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար: Լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ են նախագծին:
«Անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել խորհրդարան»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նա տեսակետ հայտնեց, թե անհատի հեղինակությունը և ազգային էլիտաները իշխանությանը պետք չեն: «Մենք գործ ունենք հերթական անգամ եղած ավանդույթն ու ժառանգությունը մերժելու և ամեն ինչ 0 կետի սկսելու վարքագծի հետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: